Մեր զրույցը ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ Սէվի (Հենրիկ Խաչատրյան) հետ հայաստանյան անցուդարձի մասին է: Այս օրերին մեզանում տիրում է հետընտրական տրամադրություն, որը, անշուշտ, իր անդրադարձն է գտնում նաև դրսում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Հարկ է նշել, որ մշակութային «աղմուկը» նույնպես քիչ չէ մայրաքաղաքում: Օրերս, օրինակ, գրքի տոն էր:
-Միացյալ Նահանգներից հետևո՞ւմ եք այս օրերի անցուդարձին:
-Ինչպես բոլոր ձայնազուրկ հայաստանցիները:
-Եվ ի՞նչ են անում ձայնազուրկ հայաստանցիները, տոնո՞ւմ են ավարտը ընտրությունների։
-Ո՛չ, հետևում են, թե է՛լ ինչ անհեթեթության կդիմեն երկրի ղեկավարները:
-Իսկ մշակութային քաղաքականության մասին ի՞նչ կասեք: Այս օրերին նաև ակցիաներ են կազմակերպվում գիրք նվիրելու օրվա կապակցությամբ: Դուք որևէ մեկին գիրք նվիրե՞լ եք:
-Հենց այսօր իմ բարեկամներից մեկին նվիրեցի կանադահայուհի Էլիզա Մադա Դալյանի «In search of Miraculous» գիրքը` ի պատասխան նրա նվիրած Էմիլ Մ. Չոռանի «The temptation to Exist» գրքի:
-Ի՞նչ են կարդում ամերիկահայերը:
-Ամերիկահայը այնքան լայնածավալ հասկացություն է, որ դժվար թե որևէ մեկը կարողանա ասել, թե ինչ է կարդում, հատկապես, եթե դրա համար ժամանակ է ունենում:
-Լավ, այսպես ասեմ, մեզ մոտ հրատարակվող գրքերը հասնո՞ւմ են Լոս Անջելես:
-Գրեթե ամեն ինչ հասնում է: Վաղը Խորեն Արամունու «Խաշաթաղ» գրքի շնորհանդեսն է: Գնալու եմ:
-Լուրե՞րն էլ են հասնում` հասարակական, քաղաքական, մշակութային, և ո՞ր կողմից:
-Իհարկե, համացանցից` facebook-ից, youtube-ից, email -ով:
-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վիճակն այս պահին:
-Ես սկեպտիկ եմ ու գնահատականներ տալը համարում եմ անարդյունավետ զբաղմունք:
-Ի՞նչ եք անում ներկայումս Միացյալ Նահանգներում:
-Ըստ իրադրության ու հանգամանքների` անհանգստանում եմ Հայաստանում գտնվող իմ հազարավոր ազգականների ու բարեկամների համար ու փորձում օգնել կարողություններիս ներածի չափով, որոնք, դժբախտաբար, շատ սահմանափակ են: Իսկ ընդհանրապես ոչ մի կարևոր բան չեմ անում։ Ապրում եմ:
-Ի՞նչ կասեք նրանց, ում ուշքն ու միտքը Ամերիկա գալն է: Մանավանդ` ընտրություններից հիասթափվածներին:
-Հիասթափվածներին կհորդորեի, որ այլևս չհիասթափվեն. դրանից ո՛չ օգուտ կա, ո՛չ էլ ազատում: Ցանկացած իրական կյանք սկսվում է վերջին հիասթափությունից անմիջապես հետո:
-Անցյալ տարի մասնակցեցիք Գյումրու ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին, «Shushi Art Project»-ին: Իսկ ասում էին` մեզ մոտ հետաքրքրություն չկա:
-Անհետաքրքրասեր մարդիկ են նման կարծիքներ տարածում, մարդիկ, ովքեր սպասում են, որ որևէ մեկը կգա ու իրենց կյանքը հետաքրքիր կդարձնի:
-Ե՞րբ եք կրկին գալու Հայաստան:
-Երբ որևէ մեկը լուրջ հրավիրի, ինչպես Գյումրու բիենալեն կամ «Shushi Art Project»-ը: Անկոչ հյուրը բարեկամի, հարազատի տանն էլ է անցանկալի, անգամ` տհաճ:
-Դուք հյո՞ւր եք:
-Եթե դեռ տանը չեմ, ուրեմն հյուր եմ։
Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ